ԲացՄուգ
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ
«Ազատ զուգորդումները» հոգեվերլուծական կարևորագույն տեխնիկաներից են: Հայտնագործել է Զ․ Ֆրեյդը 1889-1896 թթ.-ին: Սկզբում նևրոզների բուժման ընթացքում նա կիրառում էր հիպնոսը: Հիպնոտիկ տեխնիկաների միջոցով այցելուի ենթագիտակցությունից վեր էին հանվում նրա ախտանիշի առաջացմանը նպաստող հիմքերը: Սակայն շուտով Ֆրեյդը նկատեց, որ հիպնոսի ենթարկելու իր ունակություններն անսահման չեն:
Լինում էին դեպքեր, երբ այցելուները դժվար էին ենթարկվում հիպնոսի, ոմանք էլ բոլորովին չէին ենթարկվում: Հիպնոսի միջոցով վերացված ախտանիշները կարճ ժամանակում հաճախ վերադառնում էին կամ փոխակերպվում էին՝ ընդունելով նմանատիպ այլ ախտանիշի տեսք:
Բացի այդ, հիպնոտիկ տեխնիկաները բավականին աշխատատար էին: Այդ պատճառով Ֆրեյդը սկսում է հոգեկանի խորքային շերտերի բացահայտման նոր տեխնիկաներ որոնել:
Ֆրեյդը տեղեկանում է ֆրանսիացի բժիշկ, պրոֆեսոր Ի․ Բերնհեյմի մոտեցման՝ արթմնի վիճակում ներշնչանքի մասին: Նա ուսումնասիրում է ներշնչանքի այդ մեթոդը և նույնիսկ գերմաներեն է թարգմանում Բերնհեյմի «Ներշնչանքը հիպնոսում և արթմնի վիճակում» գիրքը:
Կիրառելով այդ մոտեցումը՝ Ֆրեյդն առաջարկում է այցելուին հանգիստ նստել, թուլացնել մկանները և պատմել իր գանգատի, սիմպտոմի առաջացման դրդապատճառի մասին: 1892թ.-ին արթմնի վիճակում ներշնչանքի մեթոդը նա առաջին անգամ կիրառում է Էլիզաբեթ ֆոն Ռ.-ին բուժելիս:
Էռնեստ Ջոնսը (Ֆրեյդի աշակերտն ու առաջին կենսագիրը, Բրիտանական հոգեվերլուծական միության հիմնադիրը և առաջին բժիշկ-հոգեվերլուծողը) նշում է պատմական մի փաստ․ երբ Էլիզաբեթ ֆոն Ռ.-ի հետ թերապիայի ժամանակ Ֆրեյդը բավականին շատ մեկնաբանություններ է անում, այդ կնոջ կողմից նկատողություն է ստանում՝ իր մտքերի ընթացքը խանգարելու վերաբերյալ: Ֆրեյդը լռում է և համեստորեն ընդունում այդ նկատողությունը:
Դեպքը պատմական մեծ նշանակություն է ձեռք բերում, քանի որ Ֆրեյդն, ընդունելով ու վերլուծելով իր սխալը, հայտնագործում է «ազատ զուգորդումների» սկզբունքն ու տեխնիկան: Ազատ զուգորդումների տեխնիկան մեկնաբանության և երազների վերլուծության տեխնիկաների հետ մեկտեղ դառնում է հոգեվերլուծական մեթոդի և գործիքակազմի անբաժանելի մասը:
Հոգեվերլուծական աշխատանքում կարող են կիրառվել նաև այլ գործիքներ (փոխաբերություններ, համեմատություններ, ներշնչանք, պրեսուպոզիցիաներ և այլն),սակայն դրանք կրում են երկրորդական բնույթ և դասական հոգեվերլուծությանը բնորոշ չեն:
Ազատ ասոցիացիաների վերլուծությունն ունի ախտորոշիչ նշանակություն:
Կարելի է նշել նաև կատարսիս առաջացնելու նրանց ընդունակությունը: «Կատարսիսի» օգնությամբ ազատ ասոցիացիաները բերում են այցելուի նևրոտիկ լարման թուլացնման:
Վերջապես, հարկ է նշել ազատ զուգորդումների բուժական, ճանաչողական և ուսուցողական հատկությունները: Դրանք նպաստում են այցելուի գիտակցության և հատկապես՝ ինքնագիտակցության զարգացմանը:
Այսօր, դասականից զատ, գոյություն ունեն հոգեվերլուծության բազմաթիվ տեսակներ և դպրոցներ, սակայն դրանց բոլորին միավորում է մարդու հոգեկան գործունեությունում ենթագիտակցության կարևորումը:
Ազատ զուգորդումներն՝ ըստ Ֆրեյդի
Որևէ ճնշում չգործադրելով այցելուի հոգեկանի վրա՝ Ֆրեյդը նրան առաջարկում է պառկել բազմոցին, մինչդեռ վերլուծողը նստում է աթոռին՝ նրա գլխավերևում, նրա տեսադաշտից դուրս: Վերլուծողը չի խնդրում այցելուին նույնիսկ փակել աչքերը, խուսափում է հիպնոսից և առհասարակ որևէ միջամտությունից, որը կարող է հիպնոս հիշեցնել:
Սեանսն անցնում է իբրև զրույց երկու անձանց միջև, ովքեր հավասարապես արթմնի են, սակայն նրանցից մեկը խուսափում է մկանային ջանք գործադրելուց, ինչը կարող է շեղել ուշադրությունը նրա իսկ մտավոր գործողություններից:
Այցելուի գաղափարներին և ասոցիացիաներին տեղեկանալու համար հոգեվերլուծողն այցելուին առաջարկում է «ինքն իրեն թույլ տալ մտնել» այնպիսի մի վիճակի մեջ, երբ իրենք երկուսով ասես աննպատակ և ոչ կարևոր զրույց են վարում:
Ցանկալի է, որ այցելուն, իր խնդիրների լուծումները ստանալուց և հոգեկան թեթևություն ձեռք բերելուց բացի, զուգահեռ սովորի նաև ինքնուրույն ազատ զուգորդումներ ստեղծել և մեկնաբանել: Վերլուծական աշխատանքի կարևոր նպատակներից մեկն էլ այցելուին «վերլուծող մասնագետ» դարձնելն է՝ նրա վերլուծությանը զուգահեռ:
Նման մոտեցումը որակապես տարբերում է հոգեվերլուծությունը հոգեթերապևտիկ մյուս ուղղություններից, քանի որ ցանկացած լիարժեք վերլուծված անձնավորություն ձեռք է բերում ինքն իրեն մասնագիտորեն օգնելու հատկություններ, որոնք կարող է օգտագործել իր կյանքի ցանկացած ժամանակահատվածում և պարագայում:
Աֆորիզմներ
Այցելուի ցանկացած վարքագիծ «ախտանիշ» է:
Ճիշտ խոսքը հիմարին են ասում:
Ազատությունը հոգու թթվածինն է:
Ստի ոտքը կարճ է:
Շատախոսը նվեր է լրտեսի համար (ռուս․):
Մի' դատիր, որ չդատվես (Աստվածաշունչ):
Մանուկների շուրթերով ճշմարտությունն է բարբառում (ռուս․):
Խոսքը ճնճղուկ չէ, կթռնի, չես բռնի (ռուս․):
Ասեց ու հոգին թեթևացրեց (լատ․):
Մտածում եմ, հետևաբար` գոյություն ունեմ: Cogito ergo sum (լատ․).
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
- Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 1.
- Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
- Թեստ 2.
- Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
- Թեստ 3
- Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
- Թեստ 4.
- Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 5.
- Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
- Թեստ 6.
- Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
- Թեստ 7.
- Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 8.
- Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
- Թեստ 9.
- Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 10.
- Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
- Թեստ 11.
- Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 12.
- Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 13.
- Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
- Թեստ 14.
- Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
- Թեստ 15.
- Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 16.
- Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
- Թեստ 17.
- Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
- Թեստ 18.
- Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
- Թեստ 19.
- Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
- Թեստ 20.
- Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
- Թեստ 21.
- Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
- Թեստ 22.