Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Դիստանցիայի պահպանման հիմնական իմաստներից մեկը վերլուծության որակի ապահովումն է: Արդյունավետ աշխատանքային դիստանցիան նպաստում է այցելուի և թերապևտի միջև հուզական առումով չեզոք միջանձնային հարաբերությունների ձևավորմանը: Միայն նման դեպքում են երկու անձանց միջև հարաբերությունները համարվում բուժական (թերապևտիկ):
 
Չեզոք, չդատող, չգնահատող հարաբերությունները անհրաժեշտ պայման են որակյալ աշխատանքում:
 
«Դիստանցիա» գաղափարի վերաբերյալ պատկերացումները ձևավորվում են մինչև առաջին հանդիպումը: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք՝ տվյալ դեպքում թերապևտը և այցելուն, մինչև իրար հանդիպելն ունենում են «որոշակի անորոշ» պատկերացումներ միմյանց մասին: Աշխատանքային դիստանցիան ձևավորվում է հենց այդ նախնական պատկերացումների հիման վրա:
 
Ժամանակի ընթացքում միմյանց մասին պատկերացումները փոփոխվում են: Թերապևտը սկսում է ավելի լավ ճանաչել այցելուին, իսկ վերջինս նկատում է թերապևտի մարդկային հատկանիշները, որքան էլ որ թերապևտը ձգտում է չեզոք լինել: 
 
Այս տեղեկություններն ազդում են միջանձնային դիստանցիայի վրա, քանի որ փոփոխում, լրացնում և հարստացնում են պատկերացումները միմյանց մասին:
Երկարատև աշխատանքային հարաբերությունների ընթացքում դիստանցիայի խիստ պահպանումը վերանայման, ճշգրտման և ճկունացման կարիք է ունենում:
 
Ցանկալի է, որ թերապևտը, իր և այցելուի մոտ ձևավորված նոր պատկերացումներին համապատասխան, փոփոխություններ մտցնի «միջանձնային դիստանցիայի չափերի» մեջ:
 
Մշտապես հարկավոր է հիշել, որ դիստանցիայի հիմնական նպատակը բուժմանը նպաստելն է:
 
Ոչ մի չափազանց ջերմ, մտերիմ հարաբերություն չպետք է գերադասվի այցելուի շահերից:
 
Միջանձնային դիստանցիան այցելուի շահերին հմտորեն ծառայեցնելը պայմանավորված է թերապևտի մասնագիտական որակներով: Նրա թերապևտիկ հմտությունները և փորձը այստեղ մեծ դեր են խաղում: Որքան դրանք շատ են, այնքան ավելի մեծ «հուզական ալեկոծումների» կարող է դիմանալ «թերապիայի նավակը» և իր «անձնակազմը»՝ այցելուն և թերապևտը:
 
Թերապևտիկ աշխատանքի սկզբում, ցանկալի է, որ հոգեվերլուծողը խստորեն պահպանի միջանձնային դիստանցիան իր դասական արտահայտումներով, ինչպես սկսնակ վարորդը, որը պարտավոր է հնարավորինս ուշադիր և դանդաղ երթևեկել: 
 
Փորձի ձեռքբերմանը զուգահեռ՝ թերապևտն, այցելուի շահերից ելնելով, կարող է, որոշ չափով մեղմել, «խախտել» դիստանցիայի պահպանման խիստ կանոնները: Դա փորձառու մասնագետին հնարավորություն է տալիս, այցելուին վնաս չպատճառելով, միաժամանակ առավել արդյունավետ դարձնել աշխատանքը:
 
Վերլուծության պատմությունից հայտնի է, որ Զիգմունդ Ֆրեյդը եղել է իր մի այցելուի տանը և անգամ թաքուն այցելել է այն պարահանդեսը, որտեղ եղել է այդ այցելուն՝ դիտելու նրա վարքը:
 
Վերլուծական աշխատանքում և միջանձնային հարաբերություններում դիստանցիան կարող է որոշակիորեն մեծանալ և փոքրանալ, սակայն սահմանի խախտումն անթույլատրելի է:
 
Աֆորիզմներ
 
Զգացեք ձեզ ինչպես ձեր տանը, սակայն մի մոռացեք, որ հյուր եք:
Եթե ուզում ես մարդուն ճանաչել, հետը ճանապարհ գնա:
Ճտերն աշնանն են հաշվում:
Թացը չորի հետ չխառնես:
Հոգին հյուրասեղան չէ, ամեն մեկի առջև չես բացի:
Անկոչ հյուրը թաթարից վատ է (ռուսական)։
Առաջին տպավորությունը խաբուսիկ է:
Առաջին տպավորությունը ճիշտ է:
Արտաքինին մի' խաբվիր:
Ամեն փայլող բան ոսկի չէ:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի, եթե շատ մոտենաս:
Շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր:
Օրենքը խիստ է, բայց օրենք է:
 
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ