ԲացՄուգ
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ
Դասական հոգեվերլուծությունում, ի տարբերություն հոգեթերապևտիկ մյուս ուղղությունների, այցելուի և թերապևտի դիրքերը հստակ նշանակություն ունեն:
Ֆրեյդը կիրառում էր բազմոց՝ վերլուծվողի համար և բազկաթոռ՝ վերլուծողի համար: Բազկաթոռը դրվում էր այցելուի գլխավերևում այնպես, որ վերլուծվողը վերլուծողին չտեսնի:
Ֆրեյդի հետնորդների մի մասն առ այսօր կիրառում է այդ ձևը: Յունգի հետնորդները կիրառում են բազկաթոռ-բազկաթոռ, դեմ առ դեմ կամ «տետ-ա-տետ» աշխատանքային ձևը:
Ըստ ֆրեյդյան դիրքի՝ թերապևտը, ցանկության դեպքում, կարող է տեսնել պառկած այցելուին:
Պառկած դիրքն այցելուին հնարավորություն է տալիս թուլացնելու մարմնի մկանները՝ նվազեցնելով մկաններից դեպի գլխուղեղ (կեղև) գնացող իմպուլսների քանակը:
Նման իմպուլսներն օրվա ընթացքում ինտենսիվորեն «ռմբակոծում են» գլխուղեղի կեղևը, «ծանրաբեռնում» գիտակցությունը և այդպիսով դժվարացնում հոգեկանի խորքային շերտերից դեպի գլխուղեղի կեղև գնացող զգացողությունների, պատկերների և մտքերի հոսքը:
Այցելուի պառկած դիրքի իր ընտրությունը Ֆրեյդը բացատրում էր նաև նրանով, որ օրվա մեջ այցելուների կողմից անընդհատ վիզուալ ուսումնասիրությունների առարկա լինելը դժվար է:
Հնարավոր է՝ նա նկատի ուներ այն հանգամանքը, որ այցելուներից շատերը ցանկանում են պարզել վերլուծողի վերաբերմունքն իրենց հանդեպ: Վերլուծողի վերլուծված լինելը և նրա «բարյացակամ-չեզոք» դիրքն այցելուների նկատմամբ վերջիններիս հնարավորություն չի տալիս՝ պարզելու վերլուծողի «ով լինելը» և նրա «անկեղծ» վերաբերմունքն իրենց նկատմամբ:
Վերացնելու համար այդ «նյարդայնացնող անորոշությունը»՝ նրանք փորձում են ստանալ իրենց հետաքրքրող ինֆորմացիան այլ ճանապարներով, այդ թվում նաև՝ վերլուծողի դիմախաղին հետևելով: Բնական է, որ վերլուծողը սեփական դիմախաղին հետևելու համար լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի՝ իր աշխատանքում մտային գերլարում պահանջող մյուս պարտականություններին զուգահեռ։ Իսկ դրանք բազմաթիվ են։ Մեկ սեանսի ժամանակային սահմաններում վերլուծողը պետք է․
- ուշադիր լսի վերլուծվողի կողմից ներկայացվող նյութը;
- հիշի այն՝ բոլոր մանրամասներով հանդերձ;
- պարբերաբար համեմատի ստացվող նյութը նախկին բոլոր սեանսների ժամանակ ձեռք բերված տեղեկությունների հետ;
- նկատի, հայտնի այցելուին վերջինիս «փոխանցումների» մասին՝ օգնելով նրան վերլուծել դրանք;
- վերլուծի սեփական «հակափոխանցումներն»՝ այցելուի անձի և վարքագծի վերաբերյալ:
Այսպիսով՝ ֆրեյդյան ոճով աշխատող վերլուծողը հնարավորություն է ստանում իր հիմնական ուժերը կենտրոնացնելու այցելուի կողմից տրվող վերբալ ինֆորմացիայի վերլուծության վրա:
Պառկած վիճակն այցելուի համար դժվար է, իսկ թերապևտի համար՝ հեշտ:
Ըստ որոշ հոգեվերլուծողների՝ այդ դիրքում այցելուն իրեն ավելի հիվանդ և միայնակ է զգում: Դրանից նրա հոգեվիճակը, հնարավոր է, որոշ չափով սրվի:
Մյուս կողմից՝ դա նպաստում է խորքային թաքնված խնդիրների բացահայտմանը:
Յունգյան աշխատաոճը ենթադրում է երկու հավասար գործընկերների համագործակցություն: Նրանց բազկաթոռները, ցանկալի է, որ լինեն նույնատիպ:
Դա այցելուին հնարավորություն է տալիս՝ իրեն զգալու հավասար պայմաններում, ինչը հաճախ մեծ նշանակություն է ունենում աշխատանքային համագործակցություն ստեղծելու հարցում:
Այսօր վերլուծական աշխատանքում լայնորեն կիրառվում է հեռավար մոտեցումը: Հոգեվերլուծական սեանսները տեղի են ունենում ինչպես տեսակապով, այնպես էլ՝ բջջային կապի միջոցով։ Այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ դասախոսություններում։
Մի քանի հետաքրքրաշարժ տեղեկություն պառկած և նստած դիրքերի վերաբերյալ:
Յոգայում կա, այսպես կոչված, «դիակի դիրք» (շավասանա): Այն հնարավորություն է տալիս՝ կտրուկ նվազեցնելու մարմնի մկանների լարումն՝ ուղեղին թույլ տալով զբաղվել «մաքուր» մտային գործունեությամբ: Զգալի թվով վարժություններ և մեդիտացիաներ կատարվում են հենց այդ դիրքում:
Ըստ ճապոնացի հոգեբանների՝ նստած վիճակը համարվում է ձիգ, իսկ պառկածը՝ թույլ: Կանգնած դիրքն ավելի պաշտոնական է, իսկ նստածը՝ ջերմ: Ճապոնացի գործարարները հայտնագործել են երկու տիպի աթոռներ՝ նստատեղի թեքությունը դեպի առաջ և դեպի հետ: Նման աթոռներ կիրառվում են գրասենյակներում՝ այցելուի ներկայությունը երկարացնելու կամ նվազեցնելու նպատակով:
Աֆորիզմներ
Նստենք ճանապարհից առաջ:
Երկու աթոռի վրա միաժամանակ չես նստի:
Աթոռի կռիվ:
Ծուռ նստենք, դուզ խոսենք:
Նստել է թախտին, սպասում է բախտին:
Ոտքերում ճշմարտություն չկա (ռուսական)։
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.