ԲացՄուգ
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ
Ցանկացած հաղորդակցում ենթադրում է նաև լռության պահեր: Վերլուծական աշխատանքում դրանք կարող են օգտագործվել ինչպես թերապիայի, այնպես էլ ախտորոշման նպատակներով:
Հոգեվերլուծության պրոցեսում լռությունը կարող է վերաբերել ինչպես վերլուծվողին, այնպես էլ վերլուծաբանին: Լինում են դեպքեր, երբ երկու կողմերն էլ լռում են միաժամանակ:
Հոգեվերլուծողի լռությունը հիմնականում լինում է հետևյալ դեպքերում.
- երբ վերլուծողը սպասում է վերլուծվողի կողմից տրվող ինֆորմացիային;
- այցելույին լսելու ժամանակ;
- մտովի վերլուծական աշխատանք կատարելիս, երբ նա դեռ չի ձևակերպել իր ասելիքը խոսքերով;
- սակավ հանդիպող դեպքերում՝ երբ վերլուծողը քնում է սեանսի ժամանակ;
- երբ վերլուծողը հատուկ միտումով լռում է՝ այցելույին խոսակցության մեջ ներգրավելու նպատակով;
- երբ վերլուծողը գտնվում է իր կոնտրտրանսֆերի վերլուծման պրոցեսում։
Հոգեվերլուծվողի լռությունը լինում է.
- երբ, վերջինիս կարծիքով, ինքը ոչինչ չունի ասելու;
- երբ նա դժվարանում է ճշգրիտ արտահայտվել, փորձում է իր միտքը ձևակերպել խոսքով, վերբալացնել այն;
- երբ վերլուծվողը չի ցանկանում արտահայտել իր մտքերն ու զգացողությունները՝ ներքին դիմադրություններից ելնելով;
- երբ վերլուծվողը քնում է սեանսի ժամանակ։
Լռությունն այն հիմնախնդիրներից մեկն է, որը հոգեվերլուծական պրոցեսում փորձության է ենթարկում թե վերլուծողին, թե վերլուծվողին: Տվյալ դեպքում, փորձություն ասելով՝ հասկանում ենք դժվարություն՝ հուզական վիճակները զսպելու, կառավարելու և «բարյացակամ չեզոք» կարգավիճակը պահպանելու հարցում:
Ցանկալի է, որ վերլուծողի կոնտրտրանսֆերը լինի մինիմալ, իսկ ավելի ճիշտ, ձգտի զրոյի: Դա հնարավորություն է տալիս ստեղծելու չեզոքության ձգտող մի դաշտ, մի էկրան, որի վրա պրոյեկտվում են վերլուծվողի պատկերացումները, վերաբերմունքն ու զգացմունքները:
Բնական է, որ փորձառու հոգեվերլուծողը լռության պահերը կծառայեցնի այցելուի շահերին:
Թերապիայի ընթացքում լինում են դեպքեր, երբ լռությունը տևում է րոպեներ կամ տասնյակ րոպեներ:
Գրականությունում և վերլուծական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ լռությունը շարունակվում է մի քանի սեանս անընդմեջ: Նման սեանսներն ամենևին էլ պետք չէ անօգուտ համարել: Հաճախ լռության պահերն այցելուին ավելի մեծ առաջընթացի են մղում, քան դիմադրության բնույթ կրող անկարևոր խոսակցությունները:
Հոգեվերլուծողը պետք է միշտ պատրաստ լինի հարգանքով և ըմբռնումով մոտենալ այցելուի լռությանը: Նա պետք է այցելույի լռության պահերը դիտարկի իբրև իմաստներ, որոշ դեպքերում՝ խորհրդանշական:
Այս առումով լռության վերլուծությունը նման է երազների կամ ախտանիշների վերլուծությանը: Չէ՞ որ երազներն էլ, նևրոտիկ ախտանիշներն էլ պարունակում են յուրատեսակ թաքնված իմաստներ, որոնք դեռ չեն հասել գիտակցություն:
Վերլուծողն այցելուի լռության ժամանակ իր հոգեկանում առաջացած լարումները կարող է թեթևացնել՝ ինտենսիվորեն վերլուծելով իր սեփական զգացմունքներն ու ապրումները: Դա կթեթևացնի լարումը, կնպաստի համբերատար սպասելուն և մտածելուն, մինչև այցելուն արտահայտվի:
Միայն այդ պարագայում վերլուծողը կկարողանա հնարավորինս անաչառ ընկալել և վերլուծել նրա խոսքը կամ լռությունն ու դրա հնարավոր պատճառները:
Այսպիսով՝ այցելուի լռության պահերին վերլուծողը մեծ աշխատանք ունի անելու իր սեփական զգացմունքների հետ: Աշխատանքի փորձառության ավելացման հետ մեկտեղ վերլուծողները պատրաստ են լինում ավելի հանգիստ տանել «տարբեր այցելուների տարատեսակ լռությունները»:
Լռության և խոսելու պրոցեսներն, ինչպես արդեն նշեցինք, մետաֆորիկ առումով նման են նևրոզների ախտանիշներին: Այդ ախտանիշներից ազատվելու գործընթացները նույնպես բազմաթիվ նմանություններ ունեն:
Հոգեվերլուծության հիմնական նպատակներից մեկը մարդուն օգնելն է գիտակցել և խոսքով արտահայտել իր նևրոտիկ ապրումները՝ թեթևացնելով իր հոգեվիճակը:
Վերլուծական պրոցեսը վերբալացման մի մեծ և կարևոր գործընթաց է, երբ մարդը սովորում է խոսքերով արտահայտել այն, ինչն իրեն երկար ժամանակ տառապանք էր պատճառում, սակայն նա չէր էլ գիտակցում այդ դժվարությունների բովանդակությունը, էությունը և պատճառը: Որոշ հոգեմարմնական խանգարումների դեպքերում՝ նաև գոյությունը:
Խոսքերի միջոցով արտահայտվելով՝ նա ի վերջո մոտենում է ախտանիշների թաքնված իմաստների գիտակցմանը, ինչը խորապես նպաստում է ապաքինմանը:
Աֆորիզմներ
Մարդ մի բերան ունի, երկու ականջ:
Լռությունը ոսկի է:
Շատ լսիր, քիչ խոսիր:
Բերան ունի, լեզու չունի:
Յոթ անգամ մտածիր, մեկ անգամ խոսիր:
Խելոքը խոսում է, իմաստունը՝ լսում:
Լռությունը համաձայնության նշան է:
Լռությունը չիմանալու նշան է:
Լռությունը ամաչկոտության նշան է:
Լռությունը համեստության նշան է:
Լռությունը զիջողականության նշան է:
Լռությունը իմաստության նշան է:
Եղիր առաջինը, երբ պետք է լսել, և վերջինը, երբ պետք է խոսել:
Ասողին լսող է պետք:
Լսողին ասող է պետք:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
- Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 1.
- Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
- Թեստ 2.
- Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
- Թեստ 3
- Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
- Թեստ 4.
- Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 5.
- Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
- Թեստ 6.
- Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
- Թեստ 7.
- Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 8.
- Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
- Թեստ 9.
- Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 10.
- Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
- Թեստ 11.
- Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 12.
- Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 13.
- Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
- Թեստ 14.
- Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
- Թեստ 15.
- Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 16.
- Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
- Թեստ 17.
- Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
- Թեստ 18.
- Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
- Թեստ 19.
- Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
- Թեստ 20.
- Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
- Թեստ 21.
- Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
- Թեստ 22.