Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ

Հոգեվերլուծական շրջանակի կարևոր մասերից մեկը սեանսի տևողությունն է: Հանդիպման որոշված տևողության պահպանումն աշխատանքային կանոնակարգի պարտադիր պայման է: Այն ուղղակիորեն նպաստում է վերլուծության որակին:
 
Միևնույն ժամանակ, աշխատանքային պայմանների ցանկացած խախտում (թերություններից բացարձակապես զերծ մնալն անհնար է) հարկավոր է ոչ թե քննադատել կամ անտեսել, այլ վերլուծել, հասկանալ դրա ներանձնային, ենթագիտակցական իմաստներն ու դրդապատճառները:
 
Ի տարբերություն «Թերապիայի սկիզբն ու ավարտը» նյութի (տես՝ Դասախոսություն 17)՝ այստեղ կդիտարկենք մի վարքագիծ, երբ այցելուն հարցեր է տալիս, մեկնաբանում կամ պարզապես ինչ-որ բանի մասին է խոսում վերլուծողի հետ ոչ թե սեանսի վերջնամասում, այլ սեանսի ավարտից անմիջապես հետո:
 
Սեանսի ավարտ ասելով՝ նկատի ունենք այն պահը, երբ կողմերն, ավարտելով վերլուծական աշխատանքը, հրաժեշտ են տալիս միմյանց: Երբ այցելուն կարևոր նյութը ներկայացնում է սեանսի վերջնամասում, վերլուծական շրջանակի խախտում տեղի չի ունենում: Սակայն, երբ նա հրաժեշտ տալուց հետո շարունակում է «խոսել» վերլուծողի հետ, դա արդեն համարվում է կանոններից դուրս:
 
Հոգեվերլուծական մոտեցումը տարբերվում է մյուս հոգեթերապևտիկ ուղղություններից ոչ միայն իր հոգեդինամիկ սկզբունքներով, այլ նաև այն ուշադրությամբ, բծախնդրությամբ և նույնիսկ խստությամբ, որով այն վերաբերվում է «աշխատանքային շրջանակի» յուրաքանչյուր՝ երբեմն նույնիսկ անկարևոր թվացող մասերին: Բացառություն չէ սեանսի ավարտից հետո տեղի ունեցող խոսակցությունների կարևորումը:
 
Ի՞նչ օգտակար և ախտորոշիչ իմաստներ կարող է պարունակել նման վարքագիծը վերլուծական աշխատանքի համար:
 
Նշենք, որ «Կարևորը՝ սեանսի վերջում» դասախոսության մեջ դիտարկված տարբերակներն արդիական են նաև այստեղ: Հիշեցման կարգով հակիրճ թվարկենք դրանք․
  1. Այցելուն ներկայացնում է իրեն անհանգստացնող մի կարևոր գանգատ կամ խնդիր, սակայն հոգեպես դեռ պատրաստ չէ վերլուծել այն:
  2. Որպեսզի հոգեվերլուծողը մտահոգվի և մինչ հաջորդ հանդիպումը մտածի նրա և այդ խնդրի մասին:
  3. Այցելուն գտնվում է «ամբիվալենտ»՝ երկարժեք, հակասական հոգեվիճակում:
  4. Այցելուն փորձում է միակողմանի երկարաձգել, ավելացնել սեանսի տևողությունը:
  5. Այցելուն ունի «բաժանման խնդիր», ինչն արտահայտվում է նաև այս դեպքում:
  6. Մինչ այդ պահն արտահայտած նյութը «ծածկված» է եղել հոգեբանական այլ խնդիրների և դիմադրությունների «շերտերով»:
  7. Որպեսզի տեսնի, խանգարի կամ իրեն ցույց տա իրենից հետո եկող այցելուին:
 
Երբ այցելուն շարունակում է խոսել սեանսի ավարտից հետո կարելի է նշված տարբերակներին ավելացնել հետևյալ հնարավորները․
 
  • Այցելուն բավարար տեղեկացված չէ վերլուծական շրջանակի պահպանման անհրաժեշտության մասին:
  • Այցելուն չի կարևորում քաղաքավարության կանոնները և հրաժեշտից հետո խոսելը համարում է ընդունելի:
  • Այցելուն, նման վարքագիծ ցուցաբերելով, ենթագիտակցորեն կամ նույնիսկ միտումնավոր խախտում է վերլուծական աշխատանքում ընդունված կարգը: Այդպես նա դիմադրում է վերլուծական ախատանքին՝ դժվարություն ստեղծելով թերապևտի և թերապիայի համար:
  • Այցելուն գիտի, որ դա կանոնների խախտում է, սակայն փորձում է պարզել, թե արդյոք թերապևտն ունի իր նկատմամբ «հատուկ» վերաբերմունք:
  • Այցելուն, իր հոգեկանի լարումը նվազեցնելու նպատակով, կարող է չգիտակցված ցանկություն ունենալ՝ իր և մասնագետի պաշտոնական հարաբերություններն ընկերական փոխհարաբերությունների վերածելու:
  • Այցելուն փորձում է ճշտել՝ որքանով է թերապևտն իր «մասնագիտական տեղում» գտնվում, որքանով է նա հմուտ և փորձառու: Հաճախ վերլուծության ժամանակ՝ հատկապես սկզբում, այցելուները փորձում են ստուգել թերապևտի «ամրությունը»: Երևույթը բնական է, քանի որ իր սեփական խնդիրները, հոգսերը և ինչ-որ տեղ նաև կյանքն ուրիշին վստահելուց առաջ մարդն իրավունք ունի իմանալու, թե որքանով է «այդ ուրիշը» վստահելի: Լինում են դեպքեր, երբ այդ «ստուգումները» ձգձգվում են կամ, ցավոք, բացահայտում են «անցանկալին»:
  • Այցելուն փորձում է հետաձգել կամ դժվարացնել հաջորդ այցելուի մուտքը թերապևտի մոտ: Դրդապատճառները կարող են լինել տարբեր: Օրինակ՝ թերապևտի և մյուս այցելուի միջև կոնֆլիկտ առաջացնելու նպատակով, իր գերադասությունը հաջորդ այցելուի նկատմամբ հաստատելու կամ իմանալու՝ ունի, արդյոք, թերապևտն այլ այցելուներ և, եթե այո, ապա ովքեր են նրանք, և ինչպես է նա նրանց վերաբերվում:
 
Եթե թերապևտը տեղի տա այցելուի քմահաճույքներին, ապա վերջինս, հանձին մասնագետի, «կտեսնի» իր նման մի հուզական, նևրոտիկ անձնավորություն: Դա կնվազեցնի վստահությունը մասնագետի հանդեպ, ինչպես նաև՝ աշխատանքի որակը:
 
Եվ ընդհակառակը, եթե թերապևտը պահպանի աշխատանքային կանոններն ու վերահսկի իր հույզերն այցելուի նկատմամբ, կառաջանա ավելի մեծ վստահություն թերապևտի նկատմամբ և համատեղ աշխատանքը դրանից միայն կշահի:
Հայտնի է, որ, հոգեվերլուծական կանոնների համաձայն, սեանսների մեկնարկի ժամը, տևողությունը, հաճախականությունը և անցկացման վայրը ցանկալի է պահպանել անփոփոխ:
 
Կանոնակարգի պահպանումը կողմերի հոգեկաններում առաջացնում է, այսպես կոչված, «դոմինանտ օջախներ», կամ պայմանական ռեֆլեքսներ՝ նպաստելով կողմերի կազմակերպվածության զարգացմանը և արդյունավետ համագործակցությանը:
 
Վերլուծվողները ժամանակի ընթացքում փորձ են ձեռք բերում և սովորում են պահպանել կանոններն, այդ թվում՝ սովորում են նաև «տեղավորվել» պայմանավորված ժամանակի մեջ:
 
Ինչպես գիտենք, վերլուծական հարաբերություններն իրենց կանոնակարգային խստությամբ լարում են ստեղծում այցելուի հոգեկանում: Շատերի համար դա ծանր հոգեբանական բեռ է:
 
Պետք չէ մոռանալ, որ հոգեկան դժվարություններն ու անզորության զգացումը հաճախ ուղեկցում են այցելուներին, հատկապես՝ թերապիայի սկզբնամասում: Կտրվել «ապահով» սեանսից և «վերադառնալ ցավերով լի առօրյա կյանք» այդքան էլ հեշտ չէ:
 
Ուստի՝ թերապևտը պետք է ձգտի պահպանել մտերմության և աշխատանքային հարաբերությունների այնպիսի բալանս, որը, մի կողմից, կմեղմի այցելուի «գանգատներն» ու հոգեկան դժվարությունները, մյուս կողմից՝ կապահովի վերլուծական աշխատանքի բարձր որակն ու կայուն առաջընթացը:
 
Աֆորիզմներ

Կռվից հետո բռունցքները չեն թափահարում:
Ճաշից հետո՝ մանանեխ:
Չա՛փդ ճանաչիր:
Մի բուռ ազգ ենք․ իմն ու քոնը ո՞րն է:
Ամեն ինչ իր ժամանակն ունի:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
 
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ