ԲացՄուգ
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ
Թերապիայի ընթացքում այցելուները հաճախ հետաքրքրվում են թերապևտի անձնական կյանքով: Նրանք բազմաթիվ հարցեր են տալիս՝ փորձելով մասնակից լինել թերապևտի «արտաթերապևտիկ» կյանքին, ճանաչել նրան՝ իբրև մարդու:
Որոշ դեպքերում թերապևտի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ տալիս են երրորդ անձինք, կամ հենց ինքը՝ թերապևտը: Ամեն դեպքում, նման տեղեկությունները բուժական գործընթացի համար կարող են լինել թե՛ օգտակար, թե՛ վնասակար:
Այցելուի կողմից թերապևտին ուղղված անձնական բնույթի ցանկացած հարցի կարելի է և նույնիսկ՝ անհրաժեշտ է պատասխանել՝ պահպանելով հետևյալ տրամաբանությունը․ հարցերը, նախ, հարկավոր է վերլուծել տրանսֆերի առումով, իսկ պատասխանները պետք է նպաստեն այցելուի խնդիրների ենթագիտակցական պատճառների բացահայտմանը և նրա ինքնագիտակցության զարգացմանը:
Այցելուի հարցերն, ինչպես նաև վերլուծության գործընթացում տեղի ունեցող ցանկացած այլ երևույթ, ենթակա են ուշադրության և վերլուծության: Դա նպաստում է թերապիայի որակի ապահովմանը, քանի որ թերապիայում չկա մի բան, որ ախտորոշիչ իմաստ չունի:
Թերապևտին ուղղված անձնական բնույթի հարցերը բնական են և հիմնականում որևէ վատ միտում չեն պարունակում:
Նախորդ նյութերից մեկում նշել էինք, որ ցանկացած այցելու՝ հանձին թերապևտի, ձգտում է գտնել մի «հենարան», որին կարելի է վստահել իր հոգու «ցավերն ու գաղտնիքները»: Դժվար է վստահել մի մարդու, ում չես ճանաչում:
Անորոշությունից առաջացող ներանձնային լարումը կարող է ինչպես խանգարել, այնպես էլ օգնել աշխատանքին: Յուրաքանչյուր վերլուծվող անձի համար հարկավոր է գտնել նրա վերլուծական աշխատանքին նպաստող լարման օպտիմալ չափը:
Մի կողմից՝ քիչ տեղեկացված լինելը կարող է որոշակի տագնապ առաջացնել այցելուի մոտ, մյուս կողմից՝ նրան չափազանց շատ և վաղաժամ ինֆորմացիա տրամադրելը նույնպես կարող է խնդիրներ առաջացնել նրա մոտ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փորձառու թերապևտը պետք է ձգտի համապատասխան կերպով մոտենալ հարցերին պատասխանելուն՝ ճիշտ ընտրի ներկայացվող ինֆորմացիայի բնույթը, քանակը և թերապիայի այն ժամանակահատվածը, երբ այցելուն պատրաստ է «անվնաս» ընկալելու այն:
Ինֆորմացիայի տրամադրման հարցում ցանկալի է պահպանել հետևյալ կանոնները.
- հարգել այցելույի անձը և նրա «անձնային տարածքը»;
- հարգել վերլուծողի անձն ու «անձնային տարածքը»;
- հետևել, որ հոգեվերլուծողի կողմից տրվող տեղեկություններն օգտագործվեն այցելուի անձի ամրապնդման, այլ ոչ թե նրա «տրանսֆերային հետաքրքրասիրության» բավարարման համար;
- ցանկացած տեղեկություն տրամադրել այն ժամանակ, երբ այցելուն արդեն կարող է դա արդյունավետ և անվտանգ կերպով ինտերիորիզացնել (իրենը դարձնել)՝ ի շահ սեփական թերապիայի;
- քննարկել տվյալ թերապիային չվերաբերող տեղեկությունները միայն տրանսֆերային առումով։
Նման կանոնակարգն աշխատանքի ժամանակ պահպանելը բավականին դժվար է: Դժվարության հիմքում այցելուի և հոգեթերապևտի սուբյեկտիվ մոտեցումներն են:
Լինում են դեպքեր, երբ «բավարար չվերլուծված» մասնագետն, աշխատելով «փորձառու» այցելույի հետ, իրեն ուղղված անձնական բնույթի հարցերին սկսում է պատասխանել անմիջականորեն՝ չվերահսկելով ընթացիկ վերլուծական գործընթացում տեղի ունեցող տրանսֆերային և կոնտրտրանսֆերային փոխհարաբերությունները: Դա անթույլատրելի է, քանի որ կարող է էլ ավելի բարդացնել, առանց այն էլ, բարդ թերապևտիկ փոխհարաբերությունները:
Բացի թերապևտի անձնական կյանքին վերաբերող օրինակներից՝ վերլուծական աշխատանքում հաճախ քննարկվում են տեղեկություններ գեղարվեստական գրականությունից, գիտական և հանրամատչելի հոդվածներից, հեռուստառադիոհաղորդումներից, ինտերնետից և թերապևտի աշխատանքային փորձից:
Մեծ տեղ կարող են գրավել մետաֆորիկ պատմություններն, առակներն ու նույնիսկ՝ ծիծաղաշարժ դեպքերը կյանքի տարբեր ասպարեզներից:
Հաճախ այցելուները քննարկման են բերում իրենց շրջապատում պտտվող թերի և ոչ ստույգ տեղեկություններն՝ այլ անձանց հոգեվիճակների, ստացած հոգեթերապևտիկ օգնության կամ դրանց արդյունքների վերաբերյալ: Այդպիսի նյութերը հարկավոր է քննարկել տրանսֆերի վերլուծության տեսանկյունից:
Բացարձակ որակյալ, անսխալ վերլուծական աշխատանք չի կարող լինել: Սակայն մշտապես հարկավոր է վերլուծել կողմերի զգացմունքները, պատկերացումներն ու վերաբերմունքը՝ տարանջատելու համար «տրանսֆերներն» ու «կոնտրտրանսֆերներն» իրականությունից:
Աֆորիզմներ
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր:
Փորձած թանն անփորձ մածնից լավ է:
Շատ բան իմանաս, շուտ կծերանաս:
Հետաքրքրասեր Վարվառայի քիթը պոկել են:
Ուրիշի հոգին մութ գաղտնիք է:
Ընկերությունն՝ ընկերություն, ծառայությունը՝ ծառայություն:
Խոսքը ճնճղուկ չէ, կթռչի՝ չես բռնի:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
- Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 1.
- Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
- Թեստ 2.
- Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
- Թեստ 3
- Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
- Թեստ 4.
- Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 5.
- Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
- Թեստ 6.
- Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
- Թեստ 7.
- Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 8.
- Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
- Թեստ 9.
- Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 10.
- Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
- Թեստ 11.
- Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 12.
- Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 13.
- Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
- Թեստ 14.
- Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
- Թեստ 15.
- Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 16.
- Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
- Թեստ 17.
- Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
- Թեստ 18.
- Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
- Թեստ 19.
- Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
- Թեստ 20.
- Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
- Թեստ 21.
- Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
- Թեստ 22.